Երևանի գերեզմանատներից մեկի վարիչը կաշառք է պահանջել հանգուցյալի որդուց

Գերեզմանատուն
Հուղարկավորված անձի գերեզմանատեղիի չափերը գերազանցել են օրենսդրությամբ սահմանված 2.5x5 քմ-ը։ Գերեզմանատան վարիչը որոշել է խնդիրը կարգավորել կաշառքի դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչը հանգուցյալի որդուց 200.000 դրամ կաշառք է պահանջել և ստացել գումարը, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` 2022թ. մայիսին գերեզմանատան վարիչ Բ. Հ.-ն հայտնաբերել է, որ գերեզմանատանը հուղարկավորված Մ. Պ.-ի գերեզմանատեղիի չափերը գերազանցում են օրենսդրությամբ սահմանված 2.5x5 քմ-ը։ Նա զանգահարել է հանգուցյալի որդուն՝ Է. Պ.-ին, ներկայացրել հայտնաբերված խախտումը, այնուհետև հանդիպել վերջինիս և խնդիրը կարգավորելու համար կաշառք պահանջել նրանից։
Ծխախոտի արկղեր` երեսպատման սալիկների քողի տակ. ՊԵԿ պաշտոնյան և ևս 3 անձ ձերբակալվել են
Արդյունքում` Բ. Հ.-ն 2022թ. մայիսի 12-ին Է.Պ.-ից որպես կաշառք ստացել է 200.000 ՀՀ դրամ, ինչի դիմաց ձեռնպահ է մնացել իր պարտականությունները կատարելուց:
Բ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար), իսկ Է. Պ.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձին կաշառք տալը):
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել