ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դադարեցրել է Փարաքար համայնքում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ մասնագետները Արմավիրի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 90 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանում կրկին իրականացված վերահսկողության արդյունքում պարզել են, որ նախկինում տրված պահանջները չեն կատարվել։
«Այդպիսով՝ արձանագրվել է, որ շահագործվող բենզալցակայանում հայտնաբերված քաղաքաշինության, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խախտված նորմերի վերացման համար տրված կարգադրագրերի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, խախտումները չեն վերացվել։ Դրա հետևանքով չի ապահովվում ԲԼԿ-ի շահագործման անվտանգությունը, ինչն էլ ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տնտեսավարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել պահեստարաններում առկա վառելիքը։