ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար 2021 թվականից մեկնարկած պետական ծրագրով բյուջեից տրամադրվում է դրամաշնորհ:
«Ֆերիկ համայնքում հիմնված նախակրթարանում ձևավորվել է խումբ, որտեղ հաճախում են համայնքի 4-5 տարեկան բոլոր երեխաները: Ուսումնական պլանն ամբողջովին իրականացվում է համաձայն նախադպրոցական կրթության պետական ծրագրի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը։ Նա հույս է հայտնել, որ նախակրթարան հաճախող երեխաների թիվը տարեցտարի կավելանա:
Նշվում է, որ դպրոց հաճախող եզդի երեխաները հիմնականում չեն կարողանում հայերեն խոսել, իսկ դա խանգարում է տարբեր առարկաների ուսուցմանը: Նախակրթարանի հիմնմամբ այդ խնդիրն այսօր լուծվում է, քանի որ այնտեղ դասընթացներն իրականացվում են հայերենով:
Հիշեցնենք` ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնելով առնվազն 70 տոկոսի: