Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու մասին համաձայնությունը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իլհամ Ալիևի` տարածաշրջանում հարձակողական գործողությունները կրկնելու մասին հայտարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու մասին համաձայնությունը, որը նշված է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։
«Որքան էլ տարօրինակ է, Ալիևը Հայաստանին մեղադրում է փոխադարձ համաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,–գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ալիևը օրեր առաջ դիմելով Հայաստանի ղեկավարությանը` հայտարարել էր, որ 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո երկու տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միայն ուժեղացել են և կարող են կրկնել հարձակողական գործողությունները տարածաշրջանում: Ընդ որում, նա հիշեցրել է «Զանգեզուրի միջանցքի» մասով հայերի հանձնառության մասին և կշտամբել, որ նրանք մինչև հիմա իրենց զորքերը դուրս չեն բերել «ադրբեջանական տարածքից»։