«Զվարթնոցից» տաքսիները փոխադրումներ են արել առանց լիցենզիայի և տարբերանշանի

Վարորդները նախազգուշացվել են, որ պարտադիր ցուցումները չկատարելու դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից ավտոմեքենաները ուղևորների փոխադրումներ են արել առանց համապատասխան լիցենզիայի և «տաքսի» տարբերանշանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները նոյեմբերի 9-ին մշտադիտարկումներ են իրականացրել օդանավակայանի տարածքում և մի շարք խնդիրներ արձանագրել։
Պարզվել է, որ 22 տրանսպորտային միջոցների վարորդներ փոխադրումներն իրականացրել են առանց համապատասխան լիցենզիայի։
«Մշտադիտարկվել են նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող կայանատեղիում և մուտքի շրջակայքում առանց «Տաքսի» տարբերանշանի փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները։ Վերջիններս ուղևորներ են ներգրավում վայրէջք կատարած ինքնաթիռների ուղևորների ժամանման սրահներում և նրանց առաջարկում իրենց կողմից չլիցենզավորված ուղևորափոխադրման ծառայությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի մասնագետները վարորդներին պարզաբանումներ, պարտադիր կատարման ցուցումներ են տվել ուղևորափոխադրումները կարգավորող վերաբերյալ։
Նրանք նախազգուշացվել են, որ պարտադիր ցուցումները չկատարելու դեպքում տեսչական մարմնի կողմից կիրառվելու են տուգանքներ։
Վերահսկողության շրջանակում ուսումնասիրվել են նաև 201 համարի երթուղով Երևանից «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր ուղևորափոխադրումները։ Նշվում է, տվյալ երթուղին սպասարկող ընկերության մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։