ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
«Նախնական տեղեկություններով` 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում։
Նշենք, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ Հայաստան–Ադրբեջան սահմանի արևելյան հատվածում թշնամու կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է վիրավորվել։ Վերջին տեղեկություններով՝ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: