Սիմոնյանը մեկնաբանել է իր՝ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ ԱԱԾ-ի անորոշ պատասխանը

Մարգարիտա Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ ստանալու համար դիմել է հայկական իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայությանը չխուսափել պատասխանից և ուղղակիորեն ասել՝ արդյո՞ք նրա մուտքը հանրապետություն արգելված է, թե ոչ:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը ՌԻԱ Նովոստիի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկատվությունը «փոխանցել հնարավոր չէ, քանի որ այն անձնական բնույթի տվյալներ է պարունակում» և հղում է արել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հոդվածին: Դրանում նշված է, որ տեղեկությունների տրամադրումը մերժել կարելի է, եթե դա «խախտում է անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:
«Իմ անձնական կյանքի գաղտնիքները վաղուց բացահայտվել են երկրի ողջ դեղին մամուլում։ Այնպես որ, մի խուսափեք, ուղղակիորեն ասեք», - ասել է Սիմոնյանը։
Հոկտեմբերին Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանի կառավարությունն արգելել է իրեն ու Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին մուտք գործել երկիր:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված «Հայկական ժամանակ» թերթը հայտնել էր, որ Զատուլինին արգելված է մուտք գործել Հայաստան, և նա «այսուհետ համարվում է պերսոնա նոն գրատա»։
Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ ստանալու համար դիմել է հայկական իշխանություններին։
Հայկական կողմը դեռևս բացատրություն չի տվել Զատուլինի և Սիմոնյանի հարցով. Կոպիրկին