Պեմզաշենում սպանված կնոջ և երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել

ՀՀ գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը Պեմզաշենում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ու հորդորել ԶԼՄ-ներին չտարածել այնպիսի տեղեկություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել են 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:
«Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում»,-հայտնում է դատախազությունը։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ.-ին, Կ.Մ.-ին և Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին:
Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Պեմզաշենում կնոջ ու նրա երեխաների սարսափելի սպանության մի քանի վարկած է քննարկվում. ԶԼՄ
Գլխավոր դատախազությունը հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքներով և կարող են խուճապի ու տագնապի պատճառ հանդիսանալ:
Հավելենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։