Պեմզաշենում կնոջ ու նրա երեխաների սարսափելի սպանության մի քանի վարկած է քննարկվում. ԶԼՄ

Սպանության վայր. արխիվային լուսանկար
Ըստ լրատվամիջոցի` գյուղացիները կասկածներ ունեն, որ դաժան սպանությունը թուրքերն են արել։ Քննարկվում են նաև այլ վարկածներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած սարսափելի սպանությունից հետո գյուղում մի քանի վարկած է քննարկվում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ին գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերվել են 31-ամյա կնոջ ու նրա 8 և 12 տարեկան երեխաների դիերը։
«Կատարվածն այնքան անհավանական է, որ տեղացիները կասկածում են, թե թուրքերն են արել՝ սահմանն անցնելով ու հայերին մատաղ անելով։ Պեմզաշենից մինչև սահման մոտ 50 կիլոմետր է։ Սպանությունը թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից նոյեմբերի 9-ի այսպես կոչված «հաղթանակի» ծիսակարգային շրջանակներում կարող է լինել»,-գրում է թերթը։
Բացի այդ, դաժան սպանության վերաբերյալ այլ վարկածներ էլ են քննարկվում Արթիկ խոշորացված համայնքում։
Վարկածներից մեկի համաձայն` կնոջն ու նրա երեխաներին դաժանաբար սպանողը նրանց ծանոթն է, որը կնոջ հետ մտերիմ կապի մեջ է եղել։ Ենթադրաբար նրանց միջև վեճ է ծագել, ու կնոջ ճիչերից արթնացած երեխաները տեսել են իրենց մոր սպանությունը, որից հետո մարդասպանը ստիպված է եղել վկաներ չթողնել։
Ուրիշ վարկած էլ կա` սպանված կինն ամուսնանալուց առաջ խոստացել է սպասել ազատազրկված սիրելիին, սակայն հետագայում այլ տղամարդու հետ ընտանիք է կազմել, երեխաներ ունեցել։ Նախկին սիրեցյալը դուրս գալով բանտից՝ որոշել է վրեժխնդիր լինել կնոջից ու վրեժխնդրությունն իրագործել է դաժանագույն ձևով։
Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել են ննջասենյակում։