Պատմական նվաճում․ Փաշինյանն ընդունել է մարմնամարզության հավաքականի անդամներին

Վարչապետը հետաքրքրվել է նվաճումների հասած մարզիկների պատվովճարների մասին։ Նա հույս է հայտնել, որ դրանք օգնում են գոնե մասնակի կտրվել առօրյա հոգսերից և կենտրոնանալ սպորտի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ 2025 թվականին շահագործման կհանձնվեն մարմնամարզության երկու մարզադպրոցներ և կհամալրվեն նոր մարզագույքով։ Այս մասին հայտարարվել է այսօր կառավարությունում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին պատմական նվաճման համար և հույս հայտնել, որ նման նվաճումները Հայաստանի Հանրապետությունում կդադարեն լինել պատմական։
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արթուր Դավթյանին, Հարություն Մերդինյանին, Գագիկ Վանոյանին և Հակոբ Սերոբյանին
Վարչապետը հետաքրքրվել է նաև նվաճումների հասած մարզիկների պատվովճարների մասին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ այս դեպքում հստակ պատվովճարը գտել է իր հասցեատիրոջը։ Նա հույս է հայտնել, որ այն ինչ-որ ձևով օգնել է մարզիկներին կտրվել առօրյա հոգսերից և կենտրոնանալ մարզական նպատակների վրա։
Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանն իրենց տպավորություններն են ներկայացրել Աշխարհի առաջնության մասին և անդրադարձել առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ կապված Օլիմպիական խաղերի հետ:
Անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորություններին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հանդիպմանը ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զեկուցել է, որ 2022 թվականին մինչ այս պահը տարբեր սպորտաձևերից Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 288 մեդալ, որից 101-ը՝ ոսկե:
Փաշինյանը շեշտել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացումը։
Նշենք, որ կառավարության ֆինանսավորմամբ այժմ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Երկու դեպքում էլ աշխատանքների ավարտը 2025-ին է նախատեսվում։
Հիշեցնենք՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նոյեմբերի 6-ին նվաճեց Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Հայ մարմնամարզիկը 15.050 միավորով լավագույնն էր հենացատկում։
Հարություն Մերդինյանն էլ նոյեմբերի 5--ին դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։