ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորմամբ «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 14 անձ, տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:
«Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից: Բացի այդ, օրեր առաջ` նոյեմբերի 5-ին, հոսպիտալացվել էր նաև 10 քաղաքացի` 7 երեխա և 3 մեծահասակ: Ստանալով համապատասխան բուժօգնություն` նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը, համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում։ Պետք է նաև տեղադրել ազդանշանային սարքեր: