ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքով. Փաշինյանի առաջարկն Ալիևին

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ–նպետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված տարածքներից, այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ին Սոչիում Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետը հայտնեց կառավարության նիստում։
«Պետք է արձանագրեմ, որ ՀՀ–ն ԼՂ–ում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար ԼՂ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ ս.թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում։ ԼՂ–ում ՀՀ բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ, որը, թերևս, լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար։ ԼՂ–ի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,– հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբրի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։
«Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված տարածքներից, և մեր այս դիրքորոշումը որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հոկտեմբերի 31-ին էլ Սոչիում է հանդիպում կայացել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։