Խաղաղապահների ժամկետների մասին Ալիևի ասածը խախտում է հայտարարություններից երեքը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շեշտեց` խաղաղապահները ԼՂ–ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԼՂ–ում խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանությունները կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին
«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ էլ ասվում էր` ԼՂ–ում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով` հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ–ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»,–ասաց Փաշինյանը։
Բացի այդ, ըստ ՀՀ վարչապետի, 2021-ի նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը տեղակայման գոտում անվտանգության հաստատման հարցում։ Ավելին, Ալիևը ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը։
«Այսինքն` Սոչիի 2 հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում»,–հավելեց Փաշինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին Ալիևը Հայաստանին մեղադրել էր այն բանում, թե իբր Երևանը ամբողջությամբ չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերը, ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը Արցախից։ Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայված Լեռնային Ղարաբաղում: