ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն և Գեղանուշ գյուղերում բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Հիմնադրամի ներկայացուցիչների հաշվարկներով` Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքից ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2700 հա տարածք։
Բացի դրանից, 1140 հա հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի աշխատանքներ։ Մասնավորապես` Ներքին Հանդում` 240 հա, Սրաշենում` 160 հա, Շիկահողում` 240 հա, Ճակատենում` 200 հա, Գեղանուշում` 300 հա տարածք, Թաթոյանի խոսքով, վտանգավոր գոտում է։
«Ներքին Հանդում գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը գտնվում է միջդիրքային գոտիներում։ Գյուղում խմելու ջրի ակնաղբյուրը հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի ներքո, որի պատճառով խմելու կամ ոռոգման ջուրը դադարել է։ Գեղանուշ և Գոմարան գյուղերի 300 հա գյուղնշանակության հողերը նույնպես հայտնվել են միջդիրքային գոտիներում և տեղի անասնապահներն անասնագլխաքանակի կորուստների հետ կապված` այդ տարածքներն այլևս չեն օգտագործում»,– ասաց Թաթոյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերիների։