ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը բանակցություններ կանցկացնեն G20-ի գագաթնաժողովի շրջանակում ու կքննարկեն Թայվանի, Ուկրաինայի և ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնում ակնկալում են, որ առաջիկա բանակցությունների «խորը և բովանդակալից բնույթ» կունենան ու կծառայեն ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ համաշխարհային հարցերի շուրջ երկու երկրների ջանքերի համադրմանը:
«Կարծում եմ, որ նրանք կքննարկեն մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն ու ԿԺԴՀ-ի վերջին սադրանքները», - ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել առաջիկա բանակցությունների վերաբերյալ` տեղեկացնելով, որ ի թիվս այլ բաների, Վաշինգտոնը ակնկալում է անդրադառնալ Թայվանի նեղուցում տիրող իրավիճակին, մարդու իրավունքներին և «այն մտահոգություններին, որոնք ունեն մեր գործընկերներն ու դաշնակիցները Չինաստանի կողմից վարվող կործանարար տնտեսական քաղաքականության վերաբերյալ»։
Նշենք, որ G20 երկրների գագաթնաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայի Բալի կղզում 2022 թվականի նոյեմբերի 15-ին և 16-ին։