Հնդկական հաուբիցները կուժեղացնեն հայկական հրետանին. փորձագետները` հնարավոր գործարքի մասին

ATAGS հրետանային համակարգերը ստեղծվել են աշխարհի լավագույն հարթակներից մեկի հիմքով, և Հայաստանի զինված ուժերում դրանց հայտնվելը առաջընթաց կլինի կրակային հզորության ուժեղացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայ փորձագետները մեկնաբանել են Հայաստանի կողմից հնդկական արտադրության ATAGS հաուբիցների խմբաքանակի գնման մասին լուրը, որի մասին հայտնել են հնդկական լրատվամիջոցները: Սա վերջին մի քանի ամիսների ընթացքում հերթական ռազմատեխնիկական գործարքն է, և արդեն հաստատված ավանդույթի համաձայն` դրա մասին առաջինը գրում են Հնդկաստանի թերթերը։
Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հնդկական հաուբիցները մշակվել են` հաշվի առնելով Պակիստանի հետ հակամարտության առանձնահատկությունները, այն է՝ լեռնային տեղանքը։ Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի զգալի մասը նույնպես բնութագրվում է բարդ ռելիեֆով, ATAGS-ի ընտրությունը չի կարող պատահական լինել։

«ATAGS թնդանոթները բավական արագ և հեշտությամբ են մարտական վիճակի բերվում, շատ հարմար են շահագործման համար, և չափազանցություն չի լինի ասել, որ դրանք գերազանցում են արևմտյան որոշ անալոգներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Հարց է առաջանում` ինչո՞ւ ոչ մի երկիր, բացի Հայաստանից, մինչ օրս հետաքրքրություն չի ցուցաբերել հնդկական համակարգերի նկատմամբ։ Ըստ փորձագետի` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենց զինանոցներում 155 մմ հաուբից ունեցող պետությունների մեծ մասը կարողանում է դրանք գնել արևմտյան արտադրողներից: Հայաստանը տարբեր պատճառներով ի վիճակի չէ դա անել, ուստի հնդկական ուղղությունն այս պահին ամենահարմարն է ու հասանելին։ Միաժամանակ պետք է նշել, որ արևմտյան նմուշների շարքում բնավ ոչ բոլոր համակարգերն են անթերի աշխատում:
Նույն գերմանական 155 մմ թնդանոթները մեկ օրվա ընթացքում 100 կրակոցից հետո կարող են խափանումներ ունենալ: Բացի այդ, Հնդկաստանը սպառազինությունների համաշխարհային շուկայում դեռևս համեմատաբար նոր խաղացող է։ «Եվ Նյու Դելին պետք է հսկայական ջանքեր գործադրի իր կայուն տեղը զբաղեցնելու և նոր հաճախորդներ ներգրավելու համար»,– ասաց Ներսիսյանը։
Հնդկական զենքը զանգվածաբար չի արտահանվում նաև հենց սեփական բանակի կարիքների պատճառով: Հնդկաստանի զինված ուժերն այժմ լայնածավալ վերազինում են անցնում, և հաճախ սեփական արտադրության ռազմական տեխնիկան բավարար չէ զինանոցը համալրելու համար:
Atags-ի (Advanced Towed Artillery Gun System-Նորագույն քարշակվող հրետանային համակարգ) մշակումը սկսվել է 2000-ականների վերջին։ Հաուբիցը հագեցած է 52 տրամաչափի փողով (ութ մետրից մի փոքր ավելի) և ունի 12 տոննա զանգված։ Հրանոթը կարողանում է ուղղահայաց թիրախային կրակ վարել՝ -3-ից մինչև 70 աստիճան բարձրության անկյունով: Ինտենսիվ ռեժիմում հաուբիցը կարող է կրակ բացել 15 վայրկյանում երեք կրակոց հաճախականությամբ: Հաստատված տեմպում կրակոցների հաճախականությունը րոպեում մեկ կրակոց է: Կրակի հեռահարությունը սահմանափակված է 48 կմ-ով, առավելագույն արդյունավետ հեռահարությունը՝ 40 կմ-ով: Մեկ հրանոթի մոտավոր արժեքը, ըստ բաց աղբյուրների տվյալների, մոտ 3,2 մլն դոլար է։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ ATAGS հաուբիցների ընտրությունը շատ ճիշտ է։ Նախկին բարձրաստիճան զինվորականն անձամբ ծանոթացել է այդ համակարգերին Աբու Դաբիում անցկացվող IDEX ամենամյա ցուցահանդեսներից մեկի ժամանակ։

«Դեռևս նախորդ դարի 90-ականներին Հնդկաստանը որոշակի քանակությամբ շվեդական FH-77B հաուբիցներ էր գնել։ Առաջ անցնելով ասեմ, որ շվեդական համակարգերը նաև հայտնի Archer ինքնագնաց կայանքների հիմքում են ընկած, իսկ դրանք լավագույններից մեկն են աշխարհում։ Հնդկաստանը շատ գոհ մնաց դրանցից, հատկապես 1999թ.-ի Կարգիլյան մարտերի ժամանակ: Դրանից հետո Հնդկաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշեց շվեդական հաուբիցների արտադրությունը տեղայնացնել, ինչի արդյունքն էլ դարձավ ATAGS-ը»,- ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ շվեդական FH-77B հաուբիցները թույլ են տալիս կիրառել լեգենդար M982 Excalibur ռումբերը. դրանք բարձր ճշգրտության, մեծ հեռահարության զինամթերքներ են` GPS-թիրախավորմամբ։ Դրանից ելնելով` փորձագետը ենթադրում է, որ այդ արկերն օգտագործելու հնարավորություն ունեն նաև հնդկական թնդանոթները։
Սակայն հարցը ոչ միայն և ոչ այնքան «Էքսկալիբուրներն» են, այլ այն, որ գերճշգրիտ զինամթերքի օգտագործումը լայն հնարավորություններ է բացում հայկական բանակի համար։ Բացի այդ, հնդկական զենքը կրակի կառավարման ավտոմատացված համակարգ ունի, որն ինքնին արդեն առաջընթաց է հայկական հրետանու կրակային կարողությունների զարգացման գործում։
Տվյալ համակարգերն ի սկզբանե ստեղծվել են որպես քարշակ հաուբիցներ, բայց այս դեպքում խոսքը, ըստ որոշ տվյալների, շասսիի վրա տեղադրված մոդիֆիկացված տարբերակների մասին է, այլ կերպ ասած` ինքնագնաց տարբերակների: Դա մի քանի անգամ մեծացնում է դրանց շարժունակությունը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հասկանալի պատճառներով չի մեկնաբանել գործարքը և դրա վերաբերյալ հրապարակումները։ Սակայն նմանատիպ իրավիճակ եղավ դեռ մի քանի ամիս առաջ, երբ նույն հնդկական պարբերականները հայտնեցին 240 մլն դոլարի գործարքի մասին։ Որոշ ժամանակ անց Նյու Դելի այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, ինչն ըստ էության հաստատեց տեղեկատվական «արտահոսքերը»։
Հայաստանը Հորդանանից պատվիրված զենքը չի ստացել և տուգանք է պահանջում