ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում արևային առաջին լողացող էլեկտրակայանը կկառուցվի Երևանյան լճի վրա։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, որով կայանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումները ՀՀ ներմուծելու համար մաքսային արտոնություն է տրամադրվել։
Որոշման նախագծի համաձայն` տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, նյութերի ներմուծումն իրականացվելու է մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։
Ծրագրի իրականացման համար Ֆրանսիայից Հայաստան է ներկրվելու ֆրանսիական արտադրության 1350 հատ լողացող արևային կայանի հարթակներ (պլաստմասսայից), ջրակայուն, չժանգոտվով տարբեր կառուցատարրեր ու այլ անհրաժեշտ միավորներ` 55 628 026 դրամ արժեքով։
Երևանյան լճի վրա նախատեսվում է կառուցել 151 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան: Այն միակը կլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
Կայանը շահագործելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։ Այն հանդիսանալու է հիմնադրամի սեփականությունը։ Հիմնադրամը ստանալու է էլեկտրաէներգիայի գնման երաշխիքով էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։
«Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագիրը» մշակվել ու իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ֆրանսիական NEPSEN կազմակերպության համագործակցությամբ։ Այդ նպատակով ուսումնասիրվել են Հայաստանի ջրային ռեսուսներն ու դրանց վրա լողացող արևային կայանների կառուցման և շահագործման տեխնիկատնտեսական իրագործելիությունը։ Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է Ֆրանսիայի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՖԱՍԵՊ (FASEP) ծրագրի կողմից։