ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Իսրայելը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի իրականացման համար խոչընդոտների վերացման հարցը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության եվրասիական և արևմտյան Բալկանների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերիի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ և իսրայելական գործարար շրջանակների փոխայցելությունների միջոցով ծանոթանալ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարներին։