ՀՀ էներգետիկ շուկան պատրաստ չէր ազատականացման. գերարտադրությունը խնդիր է դարձել

Էլեկտրահաղորդման գիծ
Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետի խոսքով` գերարտադրությունից խուսափելու միակ տարբերակն այս պահին արտադրական որոշ օբյեկտների աշխատանքը դադարեցնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի էներգետիկ շուկան պատրաստ չէր ազատականացման, բայց 2022թ–ի փետրվարից կառավարության որոշմամբ ազատականացվեց ու հանգեցրեց մի շարք խնդիրների, այդ թվում` էլեկտրաէներգիայի գերարտադրության։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում արդեն կատարված ու կառավարության առաջարկած նոր փոփոխությունները։

«Ազատականացումն իհարկե շատ կարևոր ու անհրաժեշտ է տնտեսության ցանկացած ոլորտում, այդ թվում` էներգետիկ։ Բայց դրան հարկավոր էր աստիճանաբար անցնել։ Մեր կտրուկ անցումը բերեց որոշակի խնդիրների։ Հիմա, եթե չեմ սխալվում, 6 ընկերություն լիցենզավորված են և էլեկտրաէներգիայի բաշխման հնարավորություն ունեն` այն սպառողներին մատակարարելու։ Դա նշանակում է ցանցի ընդլայնում, նշանակում է լրացուցիչ արտադրանք, որը բերելու է գերարտադրության հնարավոր խնդիրների»,– նշեց Ավետիսյանը։

Գերարտադրության խնդրի հիմնական պատճառներից մեկն էլ, նրա խոսքով, Հայաստան–Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն այդպես էլ ավարտին չհասցնելն է, ինչի հետևանքով Հայաստանը չի կարողանում ավելացնել դեպի Իրան էներգետիկ արտահանումների ծավալը։
«Գերարտադրության ավելի մեծ թվերից խուսափելու համար Հայաստանում արդեն որոշ էներգետիկ կայաններ ուղղակի անջատվել են համակարգից։ Օրինակ` Հրազդանի ՋԷԿ–ի երրորդ էներգաբլոկը»,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ գերարտադրությունից խուսափելու միակ տարբերակն այս պահին արտադրական որոշ օբյեկտների աշխատանքը դադարեցնելն է։
Խնդրի համակարգային լուծման համար կառավարությունը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է Հայաստանի էներգետիկ համակարգում նոր` հաշվեկշռման ծառայություն մատուցող ընկերություն ստեղծել։
Այդ գործառույթն ամենայն հավանականությամբ կստանձնի Երևանի ՋԷԿ–ը։ Այն պետք է կարողանա հաշվեկշռել էներգետիկ շուկայի արտադրական ու սպառման կարողությունները` անհրաժեշտության դեպքում ավելացնելով կամ նվազեցնելով տվյալ պահի արտադրական ծավալները։
Արթուր Ավետիսյանի համոզմամբ` Երևանի ՋԷԿ–ի ընտրությունը նախևառաջ պայմանավորված է դրա պետական կարգավիճակով ու տեխնիկական հնարավորություններով։
Բացի այդ, պետության որոշակի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում ոչ միայն լրացուցիչ վերահսկողության ու էներգետիկ անվտանգության, այլև հավելյալ վստահության գործոն կդառնա։
«Առաջին հերթին տեխնիկական բեռնվածությունը պետք է ընկնի Երևանի ՋԷԿ–ի վրա։ Այսինքն` եթե հարկ լինի կրճատել կամ ավելացնել արտադրությունը, դա նախ արվելու է ՋԵԿ–ի բեռնվածությունն ավելացնելու կամ նվազեցնելու հաշվին։ Եթե դա չբավարարի համակարգի հաշվեկշիռը բավարարելուն, հարկ կլինի այս կամ այն մասնավոր ընկերությանը դիմել»,– ասաց փորձագետը։
Ավետիսյանի խոսքով` հաշվեկշռման գործառույթը Հայաստանի էներգետիկ համակարգի համար նոր երևույթ չէ։ Համակարգում հնարավոր տատանումներից խուսափելու համար թե՛ նախկինում, թե՛ այսօր որոշ միջոցներ ձեռնարկվել ու ձեռնարկվում են։
Օրենքով նման օպերատորի սահմանումը, սակայն, թույլ կտա գործընթացն առավել կանոնակարգված ու կառավարելի դարձնել։
Նոյեմբերի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագծին։
Օրերս այն կքննարկվի արդեն ԱԺ–ի լիագումար նիստում և ընդունվելու դեպքում օրենքի ուժ կստանա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
էլեկտրաէներգիա արտահանելու հույս չկա. փորձագետը չի բացառում 90-ականների վերադարձը
Հիշեցնենք` «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով նախատեսված էր, որ դրա արտադրած էլեկտրաէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան: Արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան նոր կառուցվող բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի շինարարությունն առ այսօր ավարտված չէ: Հրազդանի ՋԷԿ–ի շահագործող «Գազպրոմ Արմենիան» էլ արձանագրում է, որ «Հրազդան-5» կայանը գործարկումից ի վեր աշխատել է իր հզորությունների 30%-ի չափով։ Գերարտադրության խնդրով պայմանավորված` էներգաբլոկի աշխատանքը պարբերաբար դադարեցվում է, ինչի հետևանքով ՋԷԿ–ը միլիոնավոր դոլարների վնաս է կրում։
Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմանը, դրա վերջնաժամկետը, որ ի սկզբանե նախատեսված 2018թ–ին, ամեն տարի նորից երկարաձգվում է։
Էլեկտրահաղորդման գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Դրա իրականացման համար նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։
Նոյեմբերի 7-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողներին հայտնել էր, որ շինարարության ձգձգումների պատճառը բացառապես իրանական կողմում է. բանկի ու շինարարական ընկերության միջև բազմաթիվ խնդիրներ կան։ Նախարարը վստահեցրել էր, որ խնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժեր կան, և հույս հայտնել, որ ծրագիրը հնարավոր կլինի ավարտել 2023 թվականին։