ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին տպավորված է ՀՀ սահմանամերձ մարզերում երեխաների համար կազմակերպված ֆուտբոլային մրցաշարից։
Նշենք, որ այսօր Կապանում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարի վերջին խաղը մարզի դպրոցական թիմերի միջև։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Երևանում Ռուսական տան կազմակերպած մրցաշարին մասնակցեցին Կապանի թիվ 13, Գորիսի թիվ 2 հիմնական, Քաջարանի թիվ 2, Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը։ Հաղթեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ֆուտբոլի թիմը։
Բերեզովսկու անվան մրցաշարի մասնակիցները
© Photo : пресс служба Русского Дома в Армении
Կապանից Երևան գալու ճանապարհին Բերեզովսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց իր զգացողությունների մասին։
«Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, դա հիանալի փորձ էր մեզ համար, որպեսզի հետագայում ավելի շատ երեխաներ մասնակցեն մեր բոլոր մարզերից։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ մասնակիցները չնայած փոքր էին, բայց ճանաչում էին ինձ։ Ենթադրում եմ, որ իմ մասին լսել են իրենց ծնողներից»,- ասաց նա։
Բերեզովսկին հատկապես Կապանում շատ նոստալգիկ զգացողություններ է ունեցել։
Ռոման Բերեզովսկին Կապանում
© Photo : пресс служба Русского Дома в Армении
«Ինքս Կապանից եմ սկսել իմ կարիերան։ Թեև ծնվել եմ Երևանում, բայց բոլորը կարծում են, որ իմ ծննդավայրը Կապանն է, քանի որ շատ եմ կապված քաղաքին։Ես ուրախանում եմ, որ ինձ ասում են կապանցի, դա ինձ ուժ է տալիս։ Այսօր Կապանում հյուրանոցից դուրս եկա, ոտքով քայլեցի այնտեղ, ուր 30 տարի առաջ ամեն օր լինում էի, երազանքս կատարվեց, երբ անցա ստադիոնի կողքով, Կապանի կենտրոնական հրապարակով, այնուհետև վերադարձա մարզադաշտ, բացումն անցկացրեցինք»,- ասաց նա։
Ռոման Բերեզովսկին Կապանում
© Photo : пресс служба Русского Дома в Армении
Ի դեպ, Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարն ամենամյա է լինելու։
Ռոման Բերեզովսկին Կապանում
© Photo : пресс служба Русского Дома в Армении
Բերեզովսկին այժմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է։ Նա նշեց, որ այժմ վերադառնում է Երևան ու իր մտքերն արդեն ազգային հավաքականի հետ են։