ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Դեկտեմբերին Մոսկվայում տեղի կունենա Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ու Հայաստանի խորհրդարանի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղեկությունը հայտնեց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը։
«Մենք կողմնորոշվել ենք առկա խնդիրների շուրջ։ Վաղարշակ Հակոբյանը, որը գլխավորում է կոմիտեն ձեզ մոտ, շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, Խաչատուր Սուքիասյանը շատ գրագետ, բանիմաց տնտեսագետ է, իրավաբան, բիզնեսը ներկայացնող մարդ, նույնպես շատ ակտիվ միացել է աշխատանքին», - նշեց Տայսաևը։
Նա վստահություն հայտնեց, որ երկու պետություններն էլ ունեն առկա խնդիրների լուծման բոլոր հնարավորությունները։
Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափին, որի մասին խոսվում է Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ, ապա այն գործի կդրվի մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։