ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։ Եթե իրադրությունը չփոխվի, Հայաստանից ՌԴ արտահանման ծավալն առնվազն 20 տոկոսով կկրճատվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը` նշելով, որ Նոր տարուց առաջ` նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, ապրանքների վաճառքի ծավալները սովորաբար զգալի աճում են, ու եթե Լարսի խնդիրը չլուծվի, արտահանողները ֆինանսական զգալի կորուստներ կունենան։
«Լարսում տիրող իրավիճակը հարվածում է նաև հայկական ընկերությունների հեղինակությանը։ Եթե մենք բեռը ժամանակին տեղ չհասցնենք, ապա այն ընկերությունները, որոնք ձեռք են բերել մեր ապրանքը, կարող են հրաժարվել դրանից», - ասաց Բաղդասարյանը:
Նա ընդգծեց, որ բարդ իրավիճակում են հայտնվել ոչ միայն հայկական փոխադրողները, այլև մյուս երկրների ընկերությունները, որոնք աշխատում են ռուսական շուկայի հետ: Ըստ Բաղդասարյանի՝ խցանումների հիմնական պատճառն այն է, որ ռուսական կողմը սկսել է օրական հազարից պակաս տրանսպորտային միավոր բաց թողնել (պոտենցիալ թողունակությունն այժմ օրական 2 հազար է)։
Ապրանքների տեղաշարժի լոգիստիկ շղթայի խախտումը, իհարկե, ազդում է նաև արտադրանքի որակի վրա։ Այս ընթացքում «Սպայկան» նույնպես ստիպված է եղել բեռների մի քանի խմբաքանակ վերադարձնել։ Բաղդասարյանը ներկայիս իրավիճակը համեմատեց մայիսին տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ բեռնատարները շաբաթներով մնում էին վրացական կողմում, և նշեց, որ այն ժամանակ իրենց ձեռնարկությունը 2 մլն դոլարի վնաս է կրել։
Նա կարծում է, որ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ անցակետն ամբողջ հզորությամբ աշխատի։ Իսկ իշխանությունը պետք է կապ հաստատի լոգիստիկ ընկերությունների հետ, և ստեղծված իրավիճակում խորհրդատվական աջակցություն ցուցաբերվի։
Բաղդասարյանի խոսքով` գործարարներին առանձնապես չեն հետաքրքրում այդ հարցի շուրջ ռուս գործընկերների հետ հայկական կողմի բանակցությունների մանրամասները: Նրանք կասկածներ ունեն, որ ինչ-որ մեկն ընդհանրապես բանակցում է և փորձում է լուծել այդ հարցը։
Համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն իրենց հերթին հավաստիացնում են, որ հայկական կողմը աշխատանքներ է տանում հայկական բեռների համար Լարսի անցակետի թողունակությունն ավելացնելու ուղղությամբ:
Նշենք, որ Ռազմավիրական ճանապարհի հետ կապված բարդություններն այս տարի մի քանի անգամ ի հայտ եկան։ Վրաստանի հետ ցամաքային սահմանը հատելու ռուսական սահմանափակումները վերացնելուց (որոնք սահմանվել էին 2020 թվականի մարտին COVID-19-ի համավարակի պատճառով. խմբ.) և Ուկրաինայում տիրող իրավիճակի սրացումից հետո բեռների մի մասը (այդ թվում՝ թուրքական և ադրբեջանական) սկսեցին ցամաքային ճանապարհով (Լարսով) տեղափոխել Ռուսաստան։ Դա բազմակիլոմետրանոց հերթեր գոյացրեց ոչ միայն մաքսակետում, այլև ճանապարհի վրացական հատվածում։
Իրավիճակն ավելի է սրում այն հանգամանքը, որ բեռնափոխադրողները չեն կարողանում հաշվարկել, թե բեռնատարները որքան ժամանակում կկարողանան հատել վրաց-ռուսական սահմանը։ Այժմ վարորդները 10 օրում են անցնում չորսժամյա ճանապարհը։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անցակետի հատման պայմանների խստացումը կապում է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ։ Նա չի բացառում, որ իրավիճակը որոշակիորեն կբարելավվի անցակետում լրացուցիչ գծերի բացումից հետո (նախատեսվում է նոյեմբերին. խմբ.)։ Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի: Բանն այն է, որ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածը պարբերաբար փակվում է։
Հիշեցնենք, որ Ռազմավիրականճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։