Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել

Ստրասբուրգ
Ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի ՀՀ դրոշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև է ընդունել, Sputnik Արմենիային հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը։
Հայանպաստ բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր տարածքում հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել են նրա սահմանները և միջազգային իրավունքը։ Բանաձևում ասվել է նաև, որ Հայաստանը ԵԽ անդամ բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա կրկնվող հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում. սա անընդունելի է։
Միաժամանակ, շեշտվել է, որ Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում են ՀՀ–ի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով երկու կողմերին վերադառնալ արդար և հարատև խաղաղության:
Ի դեպ, ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի ՀՀ դրոշը։