ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` լսելով ՌԴ զորքերի Միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի զեկույցը, համաձայնվել է Դնեպրի ափով պաշտպանություն կազմակերպելու առաջարկի հետ և հրամայել է հետ քաշել զորքը։
Սուվորիկինը նշել է, որ զորքի տեղաշարժը կիրականացվի առաջիկայում, կազմավորումները կզբաղեցնեն նախապատրաստված պաշտպանական գծերը Դնեպրի ձախ ափին։
Գեներալը պատմել է Խերսոնի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, նշելով, որ ՌԴ ԶՈՒ–ն հաջողությամբ դիմակայում է հակառակորդի հարձակման բոլոր փորձերը։ Օգոստոսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուկրաինական բանակը Խերսոնի ուղղությամբ կորցրել է ավելի քան 9.5 հազար մարդ սպանված և վիրավոր` գրոհող կողմն ավելի մեծ կորուստներ է կրում, քան պաշտպանվողը։
«Խերսոնի ուղղությամբ մեր կորուստները 7-8 անգամ պակաս են հակառակորդի կորուստներից, մենք նախևառաջ մտածում ենք ՌԴ յուրաքանչյուր զինվորականի կյանքի մասին», – ասել է նա։
Նրա խոսքով` հակառակորդը Խերսոնի ուղղությամբ հարվածում է տեղական ինքնակառավարման մարմինների օբյեկտներին, դպրոցներին, հիվանդանոցներին, այլ սոցիալական նշանակության կառույցներին։
Այդ պատճառով Խերսոնն ու հարակից բնակավայրերը լիարժեք չեն կարողանում մատակարարվել և գործել, մարդկանց կյանքն անդադար վտանգված է։ Խերսոնի մարզում բոլոր ցանկացողները, իսկ դա ավելի քան 115 հազար մարդ է, լքել են մարտական գործողությունների շրջանը։
Բացի այդ, վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել Կախովսկայա ՀԷԿ–ից ներքև հեղեղման գոտի ստեղծելու հետ կապված հակառակորդի ծրագրերի իրականացումը։ Ըստ գեներալի, եթե Կիևն ավելի հզոր գրոհ իրականացնի Կախովսկայա ամբարտակի վրա, հեղեղումը զգալի զոհերի կհանգեցնի խաղաղ բնակչության շարքերում։
«Դնեպրի ձախ ափին պաշտպանության մասին որոշումը բարդ որոշում է, միևնույն ժամանակ մենք կպահպանենք մեր զինվորականների կյանքն ու զորքերի խմբավորման մարտունակությունը», – նշել է գեներալը։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, իրավիճակը հատուկ գործողության շրջանում կայունացել է, միացյալ խմբավորման ուժերի մարտական հնարավորությունները զգալի ավելացել են, զորակազմը համալրվել է զորահավաքի ենթարկվածների հաշվին, պահուստներ են ստեղծվել։ Առանձին ուղղություններով ՌԴ զորքը թարմացրել է հարձակողական գործողությունները, սակայն անկախ կենդանի ուժի և տեխնիկայի առումով ունեցած մեծ կորուստների, հակառակորդը չի հրաժարվում գրոհելու փորձերից, դրանք բոլորը ժամանակին կասեցվում են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 258-րդ օրը։