Պոլիկլինիկաներում բուժաշխատողների տարիքը միջինից բարձր է. փոխնախարար

Առողջապահական առաջնային օղակներում 715 հազար քաղաքացի է օգտվում է հերթագրման առցանց տարբերակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Առողջապահական առաջնային օղակներում առկա բազմաթիվ խնդիրները, որոնցից են` հերթերը, բուժաշխատողների տարիքային խնդիրը, փուլ առ փուլ լուծվում են։ Այսօր «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
«Ունենք նաև շենքային վատ պայմաններ, կադրերի լուրջ խնդիր` բուժաշխատողների տարիքը, ցավոք, միջինից բարձր է, և ունենք սարքավորումների հետ կապված խնդիրներ` ինչ- որ տեղ շատ հին է, ինչ-որ տեղ որակն է վատը։ Բայց բարեփոխումների գործընթացը արդեն մեկ տարի է՝ իրականացվում է, ու փուլ առ փուլ խնդիրը լուծվում է»,– նշեց նա։
Խոզի գրիպը կրկին Հայաստանում է. ինչ խորհուրդներ է տալիս առողջապահության նախարարությունը
Փոխնախարարի նշեց` նաև հերթերը կարգավորելու համար էլեկտրոնային առողջապահության համակարգն է ներդրվել։ Արդեն 715 հազար քաղաքացի օգտվում է հերթագրման առցանց տարբերակից։
«Այս թիվը, իհարկե, քիչ է, որովհետև ունենք տարեց հիվանդների մեծ թիվ, որոնք չեն կարողանում օգտվել օնլայն համակարգիից, այնպես որ անելիքներ դեռ շատ կան»,– նշեց նա։
Էլեկտրոնային առողջապահության ներդրումից ի վեր` կատարվել է մատյանների թվայնացում։ Այս պահին ընթացքի մեջ է դեղատոմսերի թվայնացման գործընթացը։ Վերջին երկու ամսվա ընթացքքում արդեն 60 հազարից ավելի առցանց դեղատոմս է դուրս գրվել։
«Բուժառուին ոչ մի տեսակի թուղթ այլևս չի տրվում, բժիշկը ախտորոշելով հիվանդությունը` դեղորայքը դուրս է գրում համակարգի մեջ։ Հիվանդը դիմելով դեղատուն` ներկայացնում է իր անձը հաստատող փասթաթուղթը և դեղատան աշխատակցից ստանում է իրեն անհրաժեշտ դեղորայքը»,– բացատրեց Արտակ Ջումայանը։
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ շուտով կգործի նաև թվային կցագրման մեխանիզմը, այսինքն՝ բուժառուն կարող է առցանց դիմում գրել և կցագրվել մեկ այլ պոլիկլինիկայում։
Օնլայն կդառնա նաև բուժառուի հիվանդության պատմությունը։ Դիմելով մեկ այլ բուժկենտրոն` բժիշկը կարող է ամբողջ պատմությունը տեսնել առցանց, բայց միայն հիվանդի համաձայնության դեպքում։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ էր օրեր առաջ անդրադարձել առողջապահական առաջնային օղակների աշխատանքին։
Նա նշել էր, որ կբարձրանան բուժաշխատողների աշխատավարձերը, 2023 թ․-ին կշարունակվեն մարզային ամբուլատորիաների վերակառուցմանն ու վերազինման աշխատանքները։