Պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս. գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի գործողությունները պետությանը մեծ վնաս են հասցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս, որի հիմքով գլխավոր դատախազությունն այսօր հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքներից մեկից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: