Նոր Նորքի բնակիչները սատկած շների խնդրով կոլեկտիվ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն

Նոր Նորք
Սատկած շների տերերն ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստվում են ոստիկանություն հաղորդում ներկայացնել, որպեսզի իրավապահները գտնեն հանցագործին ու պատժեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածներում ապրող մարդիկ, որոնք սոցցանցերում ահազանգում են, որ հատկապես թաղապետարանի տարածքում շներին դիտավորյալ թունավորում են, ոստիկանություն կոլեկտիվ հաղորդում են ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ մամուլի հրապարակումները ևս ուսումնասիրվում են ոստիկանության Նոր Նորքի բաժնում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան երեկ անդրադարձել էր խնդրին։ Սատկած կենդանիներից մեկի տերը շան ստամոքսից նրբերշիկի կտորներ էր հանել։
Կենդանիների տերերը Sputnik Արմենիային հայտնել էին, որ պատրաստվում են ոստիկանություն հաղորդում ներկայացնել, որպեսզի իրավապահներն ուսումնասիրեն այգու տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունը, գտնեն հանցագործին ու պատժեն։