ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան կժամանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահի հետ։
«Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Պուտինը վերջին անգամ Հայաստանում է եղել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նա մեր երկիր էր ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։