Կշռադատված մոտեցում է պետք. Իսրայելը` Իրանին ռազմական հարված հասցնելու գաղափարի մասին

Բենի Գանց
Նեթանյահուն կարող է նման սցենարի դիմել, եթե ԱՄՆ-ն միջուկային գործարք չկնքի Թեհրանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Եթե դիտարկվի Իրանին ռազմական հարված հասցնելու գաղափարը, ապա Իսրայելի մոտեցումը պետք է կշռադատված լինի։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը անվտանգության հարցերի շուրջ ճեպազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականին:
«Գործողությունների նման տարբերակը մտածված մոտեցում է պահանջում։ Վերջին անգամ ՑԱԽԱԼԸ (Իսրայելի պաշտպանության բանակ) նման սցենար իրագործելու պիկին էր հասել, երբ ես էի գլխավորում բանակի գլխավոր շտաբը։ Եվ ինչպես հետևում է հրապարակումներից, նույն վարչապետը (Բենիամին Նեթանյահուն. խմբ.), որը շուտով կրկին կստանձնի այդ պաշտոնը, այն ժամանակ որոշեց այդ քայլին չգնալ։ Կարծում եմ` հիմա Նեթանյահուն պետք է կշռադատված մոտեցում ցուցաբերի», - զգուշացրել է Գանցը։
Նա այսպես է մեկնաբանել վերջերս տարածված հաղորդագրություններն այն մասին, որ Նեթանյահուն նոր կառավարության ձևավորումից հետո կարող է վերադառնալ Իրանի միջուկային խնդրի լուծման ռազմական տարբերակին, որի հնարավորության մասին իսրայելցի պաշտոնյաները բազմիցս են խոսել: Անցած ուրբաթ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության անդամ Ցախի Անեգբին ասել է լրագրողներին, որ Նեթանյահուն կարող է նման սցենարի դիմել, եթե ԱՄՆ-ն միջուկային գործարք չկնքի Թեհրանի հետ:
Իրանը պատրաստ է հակազդել ԱՄՆ–ի հիբրիդային պատերազմին. հայտարարություն