Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter–ից հեռացրել է «պաշտոնական» նշագրումը

Իլոն Մասկ
Գործարարը զգուշացրել է, որ Twitter–ն առաջիկայում շատ հիմարություններ է անելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Twitter–ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ հեռացրել է մի քանի ժամ առաջ ներդրված ֆունկցիան, որով պաշտոնյաների, գերատեսչությունների և ԶԼՄ–ների էջերում սկսել էր երևալ «պաշտոնական» նշագրումը։
Այսօր այդ նշանը սկսել էր երևալ Twitter–ի բազմաթիվ էջերում` ցույց տալու համար, որ էջերը պաշտոնական են։ Նորամուծությունը փորձարկվել էր Մասկի որոշումից հետո, համաձայն որի` բաժանորդագրությունը վճարովի է դառնալու կապույտ նշան ունեցող օգտահաշիվների համար։
Twitter-ից աշխարհով մեկ ստեր են ժայթքում․ Բայդեն
«Ես հենց նոր սպանեցի այն»,– գրել է Մասկը` ի պատասխան օգտատերերից մեկին այն գրառմանը, թե իր էջում նման նշագրում է հայտնվել, ապա անհետացել։
Մասկը նաև զգուշացրել է, որ Twitter–ն առաջիկայում շատ հիմարություններ է անելու։ Կազմակերպությունում պատրաստվում են պահել այն, ինչ աշխատում է, և փոխել այն, ինչ չի աշխատում։
Ավելի վաղ գործարարն առաջարկել էր վճարովի համակարգ ներմուծել Twitter–ի հաշիվները ստուգելու համար։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ բաժանորդագրությունը կարժենա ամսական մոտ 20 դոլար։ Որոշ օգտատերերի քննադատությունից հետո գործարարն առաջարկել է բաժանորդագրության արժեքը դարձնել ամսական 8 դոլար։
Մասկը հոկտեմբերին վերջնականապես փակեց սոցիալական ցանցը գնելու 44 միլիարդանոց գործարքը։ Ըստ ԶԼՄ–ների` Twitter–ի ղեկավար Պարագ Ագրավալը հեռացվել է աշխատանքից ընկերության այլ ղեկավարների հետ միասին։
Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։