ՀՀ գազալցակայաններում 15 օրում իրավախախտման 275 դեպք է արձանագրվել

Գազալցակայան
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 𝟔 մարզում և Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևանի և ՀՀ մարզերի գազալցակայաններում հոկտեմբերի 26-ից մինչ օրս դիտարկվել է 1678 տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 275 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 26-ից դիտարկվել է 221 գազալցակայան Երևանում և բոլոր մարզերում։
«Տեսչական մարմնի մասնագետները նոյեմբերի 2-ից մինչ օրս վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 6 մարզի (Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում) 48 գազալցակայանում։ Արդյունքում դիտարկվել է 158 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 13 վարչական արձանագրություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը տեսչական մարմնի մասնագետները 173 կայան են այցելել, 1520 տրանսպորտային միջոց ստուգել և կազմել 234 արձանագրություն։
Մեկ մեքենայի համար նախատեսված տուգանքը 200 000 դրամ է, և տուգանվում է ոչ թե մեքենայի սեփականատերը, այլ նաև գազալցման կայանը։ Այդ օրերի արդյունքում 80 միլիոն դրամի տուգանք է նշանակվել։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից, չպետք է լիցքավորվեին։