ՀՀ էներգետիկ համակարգը հաշվեկշռող օպերատոր կունենա. գործառույթը կվերապահվի Երևանի ՋԷԿ–ին

Տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի տեղակալը չթաքցրեց` կառավարությունը հաշվեկշռողի դերում այս պահին տեսնում է միայն Երևանի ՋԷԿ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի էներգետիկ համակարգում կստեղծվի նոր` հաշվեկշռման ծառայություն մատուցող ընկերություն։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ներկայացնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխության նախագիծը։
«2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն»,– ասաց Տերտերյանը։
Հաշվեկշռման ծառայությունը, նրա խոսքով, անհրաժեշտ է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի չափաքանակները հաշվառելու, իսկ հնարավոր շեղումների առաջացման դեպքում` շուկայի մասնակիցների հարաբերությունները կարգավորելու նպատակով:
«Դա պետք է լինի էլեկտրաէներգիա արտադրող մի կառույց, որը կկարողանա այդ տատանումները հաշվեկշռել`վերաբաշխելով տարբեր ուղղություններով (այդ թվում արտահանման) կամ կրճատել էլենտրաէներգիայի րտադրությունը։ Կարգավորող օպերատորը կորոշի, թե գերարտադրության դեպքում որտեղ է տեխնիկապես ավելի հեշտ նվազեցնել արտադրությունը և կանջատի, որպեսզի ավելցուկ չառաջանա։ Եթե դա հեշտ չի լինի անել, ապա հաշեկշռող մարմինն իր վրա կվերցնի ծանրաբեռնվածությունը`իր արտադրությունը համարժեք չափով նվազեցնելով»,– պարզաբանեց Տերտերյանը։
Էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունն էլեկտրաէներգիայի վերավաճառք չի համարվի
Ընդ որում`նման անհրաժեշտության դեպքում արտադրության կրճատման պատճառով ընկերությունները վնասներ չեն կրի, քանի որ օրենքով սակագների հաշվարկման հատուկ ալգորիթմ է սահմանված։
Թե հայաստանյան որ ընկերությանն է վերապահվելու կարգավորողի դերը, օրենքի նախագծում չի բացահայտվում, այլ սահմանում է միայն անհրաժեշտ չափորոշիչները։ Բայց Վաչե Տերտերյանը չթաքցրեց` կառավարությունն այդ դերում տեսնում է Երևանի ՋԷԿ–ին։
«Որովհետև միայն նա է, որ իր հզորություններով, արագ արձագանքման տեխնիկական հնարավորություններով ու ինքնարժեքի գնային սպեկտրով ընդհանուր հարմար է այս ծառայությունների մատուցման համար»,– ասաց Տերտերյանը` միաժամանակ չբացառելով, որ շուկայի զարգացանը զուգահեռ հաշվեկշռման ծառայություն մատուցող ընկերությունը կարող է փոխվել։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագիծն ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկին։ ԱԺ–ի լիագումար նիրստում ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
էլեկտրաէներգիա արտահանելու հույս չկա. փորձագետը չի բացառում 90-ականների վերադարձը