Հենրիխ Մխիթարյանի առջև Ֆուտբոլի ֆեդերացիայի դռները միշտ բաց են. Արմեն Մելիքբեկյան

Հենրիխ Մխիթարյանը. Արխիվային լուսանկար
ՀՖՖ նախագահը Vivaro Sport-ի եթերում խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալու և նրա հավանական վերադարձի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հենրիխ Մխիթարյանի առջև Ֆուտբոլի ֆեդերացիայի դռները միշտ բաց են: Այս մասին Vivaro Sport-ի եթերում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Չեմ կարծում, թե խնդիրը կապված է Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Մենք հայտարարել ենք, և ես հիմա էլ եմ հայտարարում` Հենրիխ Մխիթարյանի առջև Ֆուտբոլի ֆեդերացիայի դռները միշտ բաց են։ Մխիթարյանն այնքան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որ դա իր որոշումն էր։ Բայց Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ: Ցանկալի կլինի, որ նա վերադառնա»,–ասել է Մելիքբեկյանը:
ՀՖՖ նախագահը նշել է, Մխիթարյանի վերադարձի մասին դեռ կխոսեն: Պետք է սպասել մինչև նոր մարզչի նշանակումը։ «Երբ նոր մարզիչը լինի, կարծում եմ՝ ինքը ևս այս հարցով կխոսի: Ես մշտապես ասում եմ, որ ֆեդերացիայի նախագահը չպետք է միջամտի կազմի ընտրությանը: Բայց այս հարցով խոսակցություն կարող ենք ունենալ: Մենք հուսով ենք, որ մի օր Մխիթարյանը կվերադառնա հավաքական»,–ասել է նա:
Մելիքբեկյանի խոսքով` անհամերաշխություն չկա ֆեդերացիայի ու Մխիթարյանի միջև:
Իսկ Մխիթարյանի համար հրաժեշտի խաղ չեն կազմակերպել, որովհետև հույս ունեն, որ նա մի օր կարող է վերադառնալ հավաքական։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մարտի 3–ին հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։ Այժմ հայ ֆուտբոլիստը խաղում է Միլանի «Ինտերում»։