Բաքվի մտավախությունն անհասկանալի է. Քանանին` Ալիևի հայտարարության մասին

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին անցկացված վերջին զորավարժությունները որակել է որպես սովորական և նախապես ծրագրված քայլ, որի մասին հարևանները նախապես տեղեկացվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա։ Մի հարևանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևանի դեմ: Նման կերպ է արձագանքել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները «միտված էին պաշտպանելու Հայաստանին»։
«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարեւանների հետ հարաբերությունների զարգացման վրա։ Իրանը մշտապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և կողմ է տարաձայնությունների խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքների շրջանակներում»,–ասել է Քանանին։
Նրա խոսքով` հենց այդպատճառով էլ Իրանը ողջունել է Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքի «ազատագրումը»։
Քանանին միաժամանակ նշել է, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց` տարբեր մակարդակներում երկկողմ և բազմակողմ հանդիպումներին, և բոլորովին հասկանալի չէ Բաքվի մտավախությունը սովորական բարիդրացիական հանդիպումների վերաբերյալ։
Հայաստանի և Իրանի դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին անցկացված վերջին զորավարժությունները որակել է որպես սովորական և նախապես ծրագրված քայլ, որի մասին հարևանները նախապես տեղեկացվել են պաշտոնական խողովակներով: Քանանին շեշտել է, որ Կովկասի խնդիրների լուծումը ոչ թե արտատարածաշրջանային ուժերով պետք է լինի, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում է այն գտնվում։
Իրանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը երկկողմ և եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափերով։