ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 6–ին համացանցում մի լուսանկար էր հրապարակվել, որում երևում է, որ կառքին լծված ձին վերք ունի։
Խոսքը վերաբերում է Գյումրիի ֆայտոններից մեկին, որն ի դեպ, համենատաբար վերջերս է սկսել շահագործվել:
Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ թեև հարցը չի գտնվում իրենց իրավասության տակ, բայց հրապարակումից անիջապես հետո քաղաքապետի խորհրդականն ու մի քանի աշխատակիցներ հանդիպել են կառապանին և հորդորել բուժել կենդանուն։
«Այս պահին տեղյակ ենք, որ կառքն այլևս չի շահագործվում, հարուցվել է քրեական վարույթ, իսկ ինչ վերաբերում է կենդանուն, ապա կառապանի տեղեկացմամբ, ինքն ունի բժշկական փաստաթուղթ ձիու վիճակի մասին: Ամեն դեպքում, մենք ևս հետևողական կլինենք՝ տեղեկանալու կենդանու հետագա վիճակի մասին»,-նշեց Սոնա Առաքելյանը՝ տեղեկացնելով որ ըստ կառապանի՝ ձին վերքը ստացել է նոր թամբի պատճառով:
Հիշեցնենք, որ համացանցում օգտատերերը զայրացած գրառումներ են կատարել՝ կոչ անելով բոյկոտել և չօգտվել Գյումրու ֆայտոններից մեկից, որը վնասվածք ստացած ձի ուներ: Գրառումը չի վրիպել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուշադրությունից, և նա, որպես քաղաքացի, դիմել է ոստիկանություն: