ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Քրիստերսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ստոկհոլմը լիովին կկատարի Անկարայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիրը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների համար համապատասխան հայտարարությունը տարածվել է Անկարայում Թուրքիայի առաջնորդի հետ բանակցություններից հետո։
«Թուրքիան ահաբեկչությունից առավել տուժած ՆԱՏՕ-ի անդամներից է։ Շվեդիան կկատարի Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները։ Ապագայում այն կկատարի որպես դաշնակից ստանձնած պարտավորությունները։ Մենք լիովին կկատարենք եռակողմ հուշագիրը», - ասել է Քրիստերսոնը։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին էին հանձնել դաշինքին անդամակցելու հայտերը: Սկզբում Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացի մեկնարկը, սակայն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության ոլորտում հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել է իր առարկությունները ՆԱՏՕ-ին այդ երկու եվրոպական երկրների անդամակցության վերաբերյալ։