ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար որևէ նախապայման չունի, բայց Կիևը պետք է բարի կամք ցուցաբերի։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Ուկրաինան օրենք է ընդունել, որն արգելում է նրան խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Դա նրանց ընտրությունն է: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք շարունակել ոչ մեր մեղքով ընդհատված բանակցությունները... Մենք ոչ մի նախապայման չունենք, գլխավոր պայմանն է, որ Ուկրաինան բարի կամք ցուցաբերի»,- ասել է Ռուդենկոն։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, սակայն ներկա պահին դրանք շարունակելու հնարավորություն չկա, քանի որ Կիևում օրենքի տեսք է ստացել ռուսական կողմի հետ ցանկացած բանակցության անհնարինությունը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 257-րդ օրը։