Պարգևավճարներ, թանկ գնով մահճակալներ. պաշտոնյաները 17.5 մլն դրամ գումար են յուրացրել

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» կարիքների բավարարման անվան տակ յուրացումներ են կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք յուրացրել են պետության 17.5 մլն դրամ գումարը, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես նշվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 000 դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 000 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա:
«Պարզվել է, որ ձեռք բերված 4 մլն 670 000 դրամ արժողությամբ բժշկական սարքավորումը` «Ուլտրաձայնային սոնոգրաֆիկ ապարատը», գնման օրվանից՝ 2017 թվականից, չի շահագործվել: Ավելին`առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ ՊՈԱԿ-ը նշված սարքավորմամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու թույլտվություն չի ունեցել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ձևակերպվել է, որ թանկ գնով ձեռք են բերվել 72 հատ էլեկտրական կառավարմամբ բժշկական մահճակալներ։ Իսկ պայմանագրերով 9 մլն 245 000 դրամ արժեքով մատակարարված 14 էլեկտրական տեխնիկայից 6-ը և «Նիսան Ուրվան» մակնիշի 2 ավտոմեքենաները՝ 34 մլն դրամ արժեքով, չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին։
Սակայն ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2017-ին պատվիրատուի և մատակարարի հետ կազմել են իրականությանը չհամապատասխանող հանձնման-ընդունման կեղծ ակտեր՝ արձանագրելով, որ նախատեսված մատակարարումները համապատասխանում են պայմանագրով ամրագրված բնութագրերին:
Յուրացում, պաշտոնեական կեղծիք. ՏՄՊՊՀ նախկին աշխատակիցները չարաշահումներ են արել
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2020 թվականին պետական բյուջե վերադարձման ենթակա 10 մլն դրամը որպես պարգևավճար հատկացվել է ՊՈԱԿ–ի տնօրենին և վարչական անձնակազմին:
Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով: