ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը Լոնդոնում կներկայացնի Հայաստանի պետական պարտատոմսերի ներդրումային հնարավորությունները։ Այդ մասին ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը «Հայաստանում այլընտրանքային ներդրումներ» կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել է նիդեռլանդական BDO աուդիտորական ընկերությունը։
Դեկտեմբերին կայանալիք շնորհանդեսի ժամանակ կներկայացվեն ոչ թե արտարժութային պարտատոմսերը(որոնք արդեն շրջանառվում են միջազգային բորսաներում), այլ հենց հայկական դրամով թողարկվող պարտատոմսերը։
Նշենք, այդ պարտատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել դրսից` մուտք չգործելով Հայաստանի ֆոնդային շուկա։ Դրա համար Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) արդեն գործում է Clearstream կապուղին (Եվրոպայում արժեթղթերի գործարքների գրանցումը և փոխհաշվարկն ապահովող երկու խոշոր ընկերություններից մեկը)։ Սրա միջոցով օտարերկրյա ներդրողը կարող է բացել AMX–ում նոմինալ պահառուի հաշիվ` առանց Հայաստան գալու, և դրսից ձեռք բերել հայաստանյան արժեթղթեր։ Առայժմ այդ հնարավորությունը բաց է միայն պետական պարտատոմսերի համար, որովհետև կորպորատիվ շուկայում չկան բավարար ծավալներ, որոնք հետաքրքիր կլինեին դրսի շուկային։
Նշենք, որ սեպտեմբերի վերջի տվյալներով` ֆիննախի կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շրջանառվող ծավալը կազմում է մոտ 1 տրլն 410 մլրդ դրամ կամ մոտ 3 մլրդ 477 մլն դոլար։ Դրանց հիմնական մասի գնորդները ՀՀ ռեզիդենտներ են, սակայն մոտ 3%–ը գտնվում է ոչ ռեզիդենտների մոտ (վերջինները այդ պարտատոմսերը գնել են Clearstream–ի կապուղով)։ Այժմ պետությունը ցանկանում է ընդլայնել այդպիսի գնումների հնարավորությունը, որպեսզի հետագայում, պետական պարտատոմսերի հետքերով, ներդրողների ուշադրությունը հրավիրեն նաև մասնավոր նախագծերի վրա։