ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային հերթագրման եղանակով

Անձնագրերի և վիզաների վարչություն
Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների սպասարկումը նոյեմբերի 21-ից իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով»,- հայտնում է ոստիկանությունը։
Էլեկտրոնային հերթագրումը ներդրվելու է նոյեմբերի 14-ից։ Մինչև ամսի 18-ը գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ)։
Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ներկայացում» կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար։
Ոստիկանությունից ընդգծում են, որ յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները. այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։
ՀՀ տնտեսության մեջ 150 000 դոլար ներդրած օտարերկրացին կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ