ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հետին թվով հավելավճար կստանա։ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագիծը` նշելով, որ դրա նպատակը կոմիտեի աշխատակիցների սոցիալական երաշխիքների բարելավումն է։
«Առաջարկվում է հետադարձության կանոնով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությունն ապահովել այն ժամանակահատվածի համար, երբ կոմիտեի նախագահը նշանակված է եղել, սակայն, օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել։ Այս փոքր ժամանակահատվածի համար, որը գրեթե 1-1.5 ամիս է տևել, առաջարկվում է ապահովել նախագահի համապատասխան վարձատրությունը»,– ասաց փոխնախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի այդ հավելավճարը կկազմի շուրջ 1 մլն դրամ և արդեն նախատեսված է հաջորդ տարվա բյուջեում։
Նույն օրինագծով առաջարկվում է նաև կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցներին վճարել հավելավճար` յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար 2 տոկոսի չափով։
Նախագիծն ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն առաջիկայում կներկայացվի արդեն երկրորդ ընթերցման։
Հիշեցնենք` Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։