ՌԱԴԻՈ

Հայաստանին ձեռնտու չէ Ադրբեջանի հետ ուղիղ շփումը. քաղաքագետ

Հրանտ Միքայելյանի կարծիքով, Ռուսաստանը փորձելու է հակազդել հնարավոր նոր հանդիպումներին ու թույլ չտալ, որ զարգացումներն ընթանան առանց իր մասնակցության։
Sputnik
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփման իմաստը Ռուսաստանին բանակցություններից ու միջնորդի դերից հեռացնելն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` անդրադառնալով ամերիկյան կողմի միջնորդությամբ նոյեմբերի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպել էր նաև Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որը հայտարարել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և որ ուղիղ երկխոսությունն ամուր խաղաղության լավագույն ճանապարհն է։
Ըստ Միքայելյանի, գոնե այս պահին, Հայաստանին ձեռնտու չէ Ադրբեջանի հետ ուղիղ շփումը, քանի որ Բաքուն ունի Թուրքիայի ուղղակի և անուղղակի աջակցությունը, որն ինչ-որ ձևով ազդում է բանակցային գործընթացի վրա։ Բացի այդ, քաղաքագետը փաստում է, որ Ադրբեջանն ունի նաև ռեսուրսային առավելություններ։
«Ստացվում է, որ ուղիղ շփման արդյունքը լինելու է միայն այն, որ Ադրբեջանը ավելի մեծ լծակներ է ունենալու։ Բացի այդ, իրականում շփումն այնքան էլ ուղիղ չի լինի, քանի որ ապահովվելու է Արևմուտքի միջնորդությունը։ Դա ակներև է, որովհետև ուղիղ շփման մասին հայտարարություններից հետո հանդիպումները կայանում են Բրյուսելում կամ Պրահայում»,-արձանագրում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Նրա խոսքով` դա ուղղակի տեխնոլոգիական հնարք է, որպեսզի Ռուսաստանը դուրս գա գործընթացից, սակայն Հայաստանի համար դրանով որևէ խնդիր չի լուծվում։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Արևմուտքի առաջարկած ուղիղ շփման տարբերակին, քաղաքագետը նշում է, որ դա առավելապես բխում է մի քանի գործոններից` Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության արդյունքներից, հայաստանյան իշխող քաղաքական ուժի արևմտամետ հայացքներից։
ԱՄՆ–ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ գնալ ամուր խաղաղության ճանապարհով. Բլինկեն
«Հայաստանում իշխանությունը կարծում է, որ ի վերջո Արևմուտքը կհաղթի Ռուսաստանին։ Թեև հասկանալով, որ արևմտյան տարբերակն իրեն ձեռնտու չէ, այդուհանդերձ, իշխող քաղաքական ուժն այլընտրանք չի տեսնում»,-ասում է Միքայելյանը։
Նոյեմբերի 8-ին կայացած հանդիպմանն վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:
Հրանտ Միքայելյանի կարծիքով` չնայած Երևանի, Բաքվի և Արևմուտքի շտապողականությանը, Ռուսաստանը փորձելու է հակազդել հնարավոր նոր հանդիպումներին ու թույլ չտալ, որ զարգացումներն ընթանան առանց իր մասնակցության։ Մոսկվան ամեն ինչ անելու է, որ դուրս չմնա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացներից։
Այս ամենով հանդերձ, քաղաքագետը Հայաստանի համար խնդրի լուծման լավ տարբերակներ չի տեսնում ու պնդում է, որ խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելը, սահմանագծումն ու սահմանազատումը կարող են շատ ավելի վատացնել իրավիճակը, ընդհուպ` հանգեցնել Արցախի ամբողջական կորստին։