Հայ-ադրբեջանական սահմանին տեղեր կան, որ թշնամու դեմքերը երևում են. ՔՊ-ական պատգամավոր

Արմեն Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Արմեն Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը խախտված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Սեպտեմերի 13-ի ռազմական գործողություններից հետո հայ–ադրբեջանական սահմանին տեղեր կան, որ թշնամու դիրքերն այնքան մոտ են, որ զինվորների դեմքերն են անգամ երևում։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա վստահեցրեց, որ անձամբ է գնացել Ջերմուկի սահմանային կետեր ու իր աչքով տեսել այն, ինչ կա։
«Տեղեր կան, որ սահմանագծում թշնամու դիրքերը երևում են՝ անգամ անզեն աչքով ուշադիր դիտելու դեպքում։ Տեղ ունենք, օրինակ` Խոզնավարում, ընդամենը մի քանի մետր է դիրքերի տարբերությունը, և նույնիսկ զինվորների դեմքերն են երևում»,– նշեց պատգամավորը։
Արմեն Խաչատրյանը շեշտում է, որ Ադրբեջանն այսօր սպառնալիք է Հայաստանի համար, քանի որ ռազմական ահռելի առավելություն ունի։
«Ռազմաբազա կկառուցեն, չեն կառուցի, էական ոչինչ չի փոխում, որովհետև ի սկզբանե, ռազմական հավասարակշռությունը խախտված է»,– նշեց պատգամավորը։
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունների հիմնական նպատակն է զինված ուժերը բերել այն մակարդակի, որ այն համարժեք լինի երկրի առջև դրած սպառնալիքներին։
Խոսելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և այն երկարաձգելու հնարավորության մասին` պատգամավորը նշեց, որ որքան շատ մոնիթորինգ անող խմբերը մնան Հայաստանում, այնքան ավելի լավ։ Նրանց ներկայությունը թույլ է տալիս արձանագրել, թե ով է իրականում ագրեսիա իրականացնողը։ Ըստ Արմեն Խաչատրյանի` նրանց եզրակացությունները կարևոր դեր կխաղան Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու հարցում։
Ռուբինյանը Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։