ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար քրեական հետապնդում է հարուցվել բուհի նախկին ռեկտոր Մ. Ն.–ի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշենք, որ խոսքը Միքայել Նարիմանյանի մասին է։
Ըստ դատախազության` Մ.Ն.-ն, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ` դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:
«Նախկին ռեկտորը պայմանավորվածություն է ձեռք բերել Մ.Ս.-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊԸ–ի «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Ս.-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավելի վճարվելիք գումարները Վ.Ս.-ին դարձնելու շուրջ»,– ասված է հաղդորագրությունում:
Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն հանցավոր արարքի կատարում:
Մ.Ս.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն կատարելու համար:
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ: