ԱՄՆ–ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ գնալ ամուր խաղաղության ճանապարհով. Բլինկեն

Բայրամովը, Բլինկենն ու Միրզոյանը
Էնթոնի Բլինկենը նշել է, որ ԱՄՆ–ն վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային անկախությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է 2 երկրի միջև երկխոսությանը` ամուր երկխոսություն հաստատելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը։
Նշենք, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կայացել է Վաշինգտոնում` Բլեր Հաուսում։ Նույն վայրում տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ուղիղ երկխոսությունն ամուր խաղաղության լավագույն ճանապարհն է, մենք ոգևորված ենք դրան աջակցելու համար»,– ասել է Բլինկենը։
Նա նշել է, որ ԱՄՆ–ն վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային անկախությանը։ Նրա խոսքով` 1991 թվականին անկախության վերականգնումը կենսական նշանակություն է ունեցել 2 երկրների իրավունքների, իրավունքների ապահովման գործում, որոնց վճռականորեն աջակցում է ԱՄՆ–ն։
«Կարծում եմ` արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության 30 և ավելի տարին հանգեցրել են մարդկային և նյութական հսկայական կորուստների՝ կորցրած կյանքեր, խորը սպիներ։ Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, 2 երկրների իրական և համարձակ քայլերն են՝ անցյալը թողնելու և ամուր խաղաղության հասնելու համար: Երկուսն էլ աշխատում են այդ ուղղությամբ և, ի վերջո, հանուն Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի՝ խաղաղ ապագայի»,– նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները` որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, մտադիր է անել այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի աջակցեն այդ գործում։ Բլինկենը վստահեցրել է` ԱՄՆ պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ գնալ ամուր խաղաղության ճանապարհով, օգնել ուժերի ներածին չափով։
«Կարծում եմ, որ դա ավելի լավ, ավելի պայծառ ապագայի խոստում է: Ես ողջունում եմ ձեզ և ձեր կառավարություններին այն քաջության և վճռականության համար, որը դուք ցուցաբերում եք այդ նպատակին հասնելու համար»,– շեշտել է Բլինկենը:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում: