Շրջակա միջավայրի նախարարությունը 300 000 կտորե տոպրակ կբաժանի քաղաքացիներին

Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ նախարարությանը ներկայացրել են պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու` իրենց երկրի փորձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունը պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300 000 կտորե տոպրակ անվճար կբաժանի Հայաստանի քաղաքացիներին, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
Քննարկում շրջակա միջավայրի նախարարությունում
Նշվում է, որ շրջակա միջավայրի նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ` արտադրողներ, խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, պլաստիկ արտադրանքին այլընտրանք առաջարկողներ, քննարկել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության հարցը։
«Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ասել է, որ միայն ջանքերի համատեղման միջոցով է հնարավոր իրական արդյունքի հասնել։ Փոխնախարարը գործընկերներին խնդրել է, որ յուրաքանչյուրն իր լիազորությունների և գործառույթների շրջանակում միանա պայքարին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից ներկայացվել է իրենց երկրի փորձը, միջազգային գործընկերները պատրաստակամություն են հայտնել օժանդակել Հայաստանին թափոնների կառավարման և պլաստիկ արտադրանքի դեմ պայքարի շրջանակում։
Պլաստիկի փոխարեն` կտոր. ինչպես կարելի է թույնը դարձնել էկոլոգիապես մաքուր արտադրանք
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։