«Շահանեն Երևան է վերադարձել»․ Եսենինի մուսայի մասին ներկայացումը՝ Սունդուկյանի թատրոնում

Տատա Խաչատրյան
Ռուսաստանյան դերասանուհի Տատա Խաչատրյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսել է ներկայացման և իր տպավորությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Արդեն շուրջ մեկ դար ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի և նրա խորհրդավոր մուսա Շահանե Տալյանի բարեկամության և սիրո պատմությունը ոգեշնչում է շատերին, բայց քչերն են որոշում դիպչել դրան և բացել առեղծվածի վարագույրը: Հայաստանում դեռ երեք տարի առաջ որոշել են անել դա՝ բեմադրելով «Շահանե» ներկայացումը, իսկ այժմ՝ Սանկտ Պետերբուրգում ցուցադրություններից հետո, այն կրկին վերադարձել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմ։
Ռեժիսոր Կարո Բալյանի բեմադրության մեջ կհնչի աղոթքի ձայնագրությունը, որն ընթերցել է Շահանեի ազգական, այժմ հանգուցյալ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, ինչպես նաև բանաստեղծություններ ու այլ աղոթքներ հայերենով: Գլխավոր դերը վստահված է պետերբուրգցի դերասանուհի Տատա Խաչատրյանին։
«Սա փաստագրական ներկայացում է, որը հսկայական մշակութային ներդրում կունենա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում։ Չէ որ սա ռուս մեծ բանաստեղծի և կնոջ պատմությունն է, որը մինչ օրս անհայտ է մնացել», - ասել է Խաչատրյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Կարո Բալյան
Առաջին հանդիպման ժամանակ ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանը հարցրել է նրան, թե ինչ գիտի Շահանեի մասին, և աղջիկը հասկացել է՝ գրեթե ոչինչ։ Դա խթան է դարձել բեմադրելու ներկայացումը մի պատմության մասին, որը շատ առեղծվածային և չբացահայտված է։ Տատան ինքը սկսել է շատ կարդալ և շփվել Շահանեի հարազատների հետ, որ ծանոթանա նրան և հնարավորինս արժանահավատորեն կատարի դերը։
«Նա այնքան խորն ու հետաքրքիր անձնավորություն էր, որ կարողացել է տպավորություն թողնել Եսենինի վրա։ Հայտնի է, որ նա սիրում էր կանանց, դժվար էր զարմացնել նրան։ Եվ դատելով նրանից, որ «Պարսկական մոտիվներ» շարքում նրա անունը կրկնվում էր վեց անգամ, այդ կինը նրան միանշանակ գրավել է», – նշեց Տատան։
Պատմում է, որ ռեժիսորի հետ մինչև վերջ վիճել են Շահանեի և Եսենինի հարաբերությունների մասին։ Բալյանը և Շահանեի հարազատները կարծում են, որ նրանց միջև միայն ընկերություն է եղել, իսկ Տատան համոզված է, որ դա սեր էր, պարզապես պատմությունն այդ մասին լռում է։ Բայց ստեղծագործական խումբը փորձել է ներկայացման մեջ ցույց տալ այն ամենը, ինչ հաջողվել է գտնել արխիվներում։ Հավանաբար այդ պատճառով ռուս հանդիսատեսը սիրել է ներկայացումը, դահլիճում միշտ անշլագ էր, իսկ այժմ արտիստուհին անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի գնահատականին։
Տատա Խաչատրյան
«Մենք ներկայացման մեջ ներառել ենք հայկական երգ, աղոթքներ և մշակույթ, և դա ինձ համար կարևոր է։ Երևանում չգիտեմ՝ ինչ սպասել հանդիսատեսից։ Այնուամենայնիվ, մտածելակերպի տարբերություններ կան», - խոստովանեց դերասանուհին։
Տատան կարծում է, որ Շահանեն փոխել է իրեն՝ նա դարձել է ավելի հանգիստ ու իմաստուն, իսկ հայրենիքի հետ իր կապն ավելի ամուր է դարձել։ Այժմ դերասանուհին մտածում է Հայաստանում նոր նախագծի իրականացման մասին, սակայն առայժմ չի ուզում մանրամասներ ներկայացնել ։
Նշենք, որ Եսենինի «Պարսկական մոտիվներ» շարքում հիշատակված Շահանե անունով աղջկա մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրվում էր, որ նա հորինված կերպար է։ Սակայն Եսենինի ստեղծագործության հետազոտող Վլադիմիր Բելոուսովին հաջողվել է գտնել երիտասարդ հայ ուսուցչուհի Շահանե Տալյանին։ Բանաստեղծը ծանոթացել է նրա հետ Բաթումում 1924-1925 թվականներին Կովկաս կատարած ուղևորության ժամանակ։