ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր է նշանակվել լրագրող, իրավապաշտպան Մարինա Ախմեդովան։ Այս մասին հայտնում է RT–ն։
Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ լրատվական գործակալության նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը հիմնադրի որոշմամբ ազատվել է պաշտոնից։ Դրանից առաջ էլ Կոլերովը հայտարարել էր, որ «Ռեգնում» գործակալությունը դադարեցրել է աշխատանքը կառավարող ընկերության ղեկավարությանը փոխելու պատճառով։
Մարինա Ախմեդովան ծնվել է 1977 թվականին Տոմսկում։ Կրթությամբ բանասեր է, լեզվաբան։ Երկու անգամ արժանացել է լրագրության ոլորտում շնորհվող «Իսկրա» մրացնակի։
Հիշեցնենք, որ «Ռեգնում» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականի հուլիսի 22-ին։ Գործակալության հիմնադրումից մինչև 2003 թվականի մարտի 22-ը գլխավոր խմբագիրն էր Կոլերովը, այնուհետև նրան փոխարինեց Կոնստանտին Կազենինը։ 2007 թվականի նոյեմբերից մինչև 2009 թվականի օգոստոսը գործակալության գլխավոր խմբագիրն էր Վիգեն Հակոբյանը, որին կրկին փոխարինեց Մոդեստ Կոլերովը։