ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Հյուսիս-hարավ» մայրուղու Քաջարանի թունելի կառուցման հարցը քննարկվել է իրանական կողմի հետ: Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով` մայրուղու Սյունիքի հատվածը 3 կողմ ունի՝ Սիսիանից դեպի Քաջարան, Քաջարանի թունել և Քաջարանից դեպի Ագարակ, ու հենց թունելի հատվածի նորոգման հարցով էլ քննարկումներ են եղել իրանական կողմի հետ։ Ինչ վերաբերում է մյուս 2 հատվածներին, ապա դրանց կառուցման հարցով, ըստ Սանոսյանի, արդեն ունեն գործընկերներ, որոնց հետ քննարկումների փուլն անցել են:
«Թունելի մասով ուզում ենք իրանցի գործընկերների հետ աշխատել, և եթե հնարավոր է իրանական վարկով կամ պետբյուջեի միջոցներով հարմար տարբերակով իրանական ընկերության հետ համագործակցենք։ Ես ինքս տեսել եմ, որ իրանական ընկերությունները թունելներ կառուցելու լավ կարողություններ ունեն»,- ասաց Սանոսյանը:
Նրա խոսքով` իրանական ընկերությունները կարող են ֆինանսական տեսանկյունից լավ առաջարկներ ներկայացնել։
Հիշեցնենք, որ 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):
Հյուսիս–հարավ ավտոճանապարհի` Սյունիքի մարզով անցնող հատվածի Ագարակ-Քաջարան թունելի շուրջ 32 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը կարժենա 247 290 000 ԱՄՆ դոլար։ Դրանից 135 մլն դոլարը կտրամադրի Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամը, 112 290 000–ը` ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը հոկտեմբերի 6-ին հավանություն տվեց հերթական վարկային պայմանագրի ստորագրմանը։ Շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի` ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը։