ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik.Լեհաստանն ընդլայնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան Պովիձում (Մեծ Լեհական վոյեվոդություն, երկրի կենտրոնական հատված): Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Հերթական ներդրումը Պովիձի ռազմակայանում։ Այս անգամ ներդրումը նախատեսված է ԱՄՆ օդային ուժերի համար։ Պովիձում տեղակայված է Միացյալ Նահանգների մարտական ավիացիոն բրիգադը, որը զինված է Apache հարվածային ուղղաթիռներով»,- ասել է Բլաշչակը:
Նրա խոսքով՝ այդ ուղղաթիռների համար մի քանի տարվա ընթացքում ռազմաբազա կկառուցվի` անգարների և պահեստների տեսքով։ Բացի այդ, նախատեսվում է վառելիքի պահեստ ստեղծել, որպեսզի ուղղաթիռները կարողանան գործել Պովիձից, աջակցել Լեհաստանի ուժերին և ՆԱՏՕ-ին։
Նախարարը հավելել է, որ սա առաջին լեհական ներդրումը չէ այս ամերիկյան բազայում։
«Հունիսին Պովիձում ԱՄՆ դեսպան Մարկ Բժեզինսկու հետ մենք սկսեցինք զինամթերքի պահեստի կառուցումը։ Այնպես որ, կարելի է ասել, որ Պովիձը դառնում է ռազմական համալիր, որը պատրաստվում է աջակցել լեհական ուժերին և ՆԱՏՕ-ի ուժերին` Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևում»,-ասել է Բլաշչակը։
Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունների համաձայն` ներկայում Լեհաստանում տեղակայված է ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող։